Բջջի կառուցվածք

Բակտերիաների բջիջներն ունեն տարբեր ձևաբանություն և դասավորություն

Ցուպիկաձև բակտերիաների երկարությունը 1-8 մկմ է, լայն.՝ 0,5-2 մկմ, գնդաձևերի միջին տրամագիծը 0,5-1 մկմ է։ Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են թաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը։ Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ։ Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի քիմիական նյութերի և ջերմաստիճանի փոփոխություն ևն)։ Յուրաքանչյուր բակտերիա գոյացնում է 1 սպոր, հետևաբար սպորներ առաջացնելը ոչ թե բազմացման եղանակ է, այլ տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ։ Սպորները տարբերվում են ձևով, չափերով, բջջում տեղադրությամբ։ Ի տարբերություն վեգետատիվ բջիջների (որոնք կարող են բազմանալ), սպորները բնորոշվում են ճարպերի և ճարպանման նյութերի (լիպիդներ) ավելի բարձր և ջրի համեմատաբար փոքր պարունակությամբ, որի համար էլ խիստ կայուն Են արտաքին ազդեցությունների (ջերմաստիճան, արեգակի լույս և այլն) նկատմամբ, իսկ դա հնարավորություն է տալիս կենսունակությունը պահպանել երկար տարիներ։ Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են՝ առաջացնելով վեգետատիվ բջիջներ։

Օձերի մասին

Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից 12 մետր է, զանգվածը՝ 5 գ-ից 200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։

Oձերի գլխի կառուցվածքը

Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ստորին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը և նրանց թույլ է տալիս առանց ծամելու մանրացնել և կուլ տալ բավական խոշոր կենդանիներ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջույթներից, միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջույթների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝ լեշերով։

Օձերի տեսականի

Մեղուների մասին

Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։ Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։ Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։ Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում։ Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում։ Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի։ Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն։ Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին։

Մեղրատու մեղուներ